ԱՄԵՆԱՄԵԾ ԿԵՂԾԻՔԸ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
Կարդալով “Առավոտ” օրաթերթի 2010 թվականի փետրվարի 27-ի համարը, “ժամանց” բաժնում հանդիպեցի մի նյութի: “Հոգևոր սնունդով ընտանիք չես պահի” հոդվածում հեղինակը ներկայացնում է Արմավիր քաղաքի “տխուր” իրականության մասին:
“Արմավիր քաղաքում ոչ թատրոն կա, ոչ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ելույթ են ունենում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր երևում են հեռուստատեսությամբ, իսկ դասական բնույթի համերեգներ գրեթե չեն լինում”
Հոդվածի հեղինակ Աննա Կոստանյանին արմավիրյան այս “ողբալի” իրականությունն է ներկայացրել Արմավիրի քաղաքապետարանի “Մշակույթ” միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն Մարինե Ասատրյանը:
Մենք` ներքոստորագրողներս, լինելով Արմավիրի մշակույթի տան թատերական խմբի անդամ, ցանկանում ենք ծանոթացնել “Մշակույթ” միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն Մարինե Ասատրյանին իր աշխատասենյակից ընդհամենը 20 մետր հեռավորության վրա գտնվող մշակույթի տանը տեղի ունեցող մշակութային իրադարձություններին:
2007 թվականի մարտ ամսից Արմավիրի մշակույթի տանը գործում է թատերական խմբակ ռեժիսոր Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ստորև կփորձենք համառոտ ներկայացնել մինչ օրս կատարված աշխատանքները:
2007 թվականին հանդիսատեսի դատին է հանձնվել խմբի դերասան Վաղինակ Սարգսյանի “Նորից չեն սիրում, սիրում են կրկին” պիեսը, ըստ Պարույր Սևակի ստեղծագործությունների: Նույն թվականի դեկտեմբերին կայացավ Ա. Վամպիլովի “Պատմություն մետրանպաժի հետ” պիեսի առաջնախաղը: 2008 թվականի մայիսին թատերախումբը այս երկու ներկայացումներով մասնակցեց “ Մենք ենք մեր մարզերը” հանրապետության համայնքային թատրոնների առաջին փառատոնին: 2009 թվականին թատերախումբը ամանորյա ներկայացումով շուրջ 14 անգամ բեմ բարձրացավ մանուկ հանդիսատեսի համար: Ներկա պահին թատերախումբն աշխատում է Ա. Մակայոնոկի “Հալածված առաքյալը” պիեսի վրա:
Հարկ է նշել նաև որ ջազ նվագախումբը ստեղծվել է ոչ թե 2009 թվականին, ինչպես ներկայացվում է հոդվածում, այլ 1998 թվականին: Այն, որ “Մշակույթ” միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն Մարինե Ասատրյանը ծանոթ չէ Արմավիրի թատերական կյանքին` “ներելի” է: Բայց այն որ Տիկին Ասատրյանը տեղյակ չէ ջազ խմբի պատմությանը` զարմանալի, քանի որ նա վերջին տարիներին այդ խմբում հանդես է եկել որպես քանոնահարուհի:

Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ, և սիրով հրավիրում ենք Աննա Կոստանյանին և “Մշակույթ” միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն Մարինե Ասատրյանին Արմավիրի մշակույթի տուն ծանոթանալու Արմավիրի մշակութային կյանքին:

Թատերական խմբի անդամներ`
Ռեժիսոր`
Գ Հովհաննիսյան
Դերասաններ`
Վաղինակ Սարգսյան
Վլադիմիր Սաղոյան
Ռոզիկ Հարություննյան
Վան Սեդրակյան