Ձերբակալություն Վանաձորում
[ 2009/10/18 | 16:57 ] քրեական
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին և կոմիտեի ևս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։
Նրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվաձներին ստորագրության և քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։
Ինչպես նախորդ շրջանում կանխորոշել էին հայ-թուրքական արձանագրությունները դատապարտող քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, քաղաքագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ, մենք կանգնած ենք այնպիսի իրողությունների նախաշեմին, երբ դատապարտվելու և կասեցվելու են հայկական կողմի բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վիրավորել Թուրքիային և թուրք ժողովրդին։
Շուտով սկսվելու են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, բոլոր գիտական հաստատությունների վերափոխումները, վերջիններիս գործառույթների խմբագրումները, շարունակվելու են նմանօրինակ ձերբակալությունները, հիմնվելու են թուրքասիրական և հայկական շրջանակներում Թուրքիայի նկատմամբ մոլեգին սեր առաջացնող մի շարք կազմակերպություններ. այդ են պահանջում արձանագրություններում ամրագրված դրույթները, և հայ պատվախնդիր ու ազգանվեր երիտասարդների ձերբակալությունները այս գործողությունների առաջին մունետիկներն են։
Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երևույթները և սթափության կոչ անում ՀՀ իշխանություններին։
Ազգային նոր պահպանողական շարժման լրատվական բաժին
Социальные закладки