Հային, ամերիկացուն, եվրոպացուն հարցնում են` ինչ կարծիքի եք համաշխահային ճգնաժամի մասին։ Հայը պատասխանում է. կարծիքն ի՞նչ է, եվրոպացին թե` ճգնաժամը՞ որն է, իսկ ամերիկացին էլ զարմանում է, թե համաշխարհայինը որն է։
Ամեն մարդ իր չունեցածից է հարցնում։ Հայի համար տարօրինակ է սեփական տեսակետի առկայությունը, Եվրոպայի բնակչին բացարձակապես չի հուզում ճգնաժամը, սիկ ամերիկացին էլ ուղղակի չգիտի, որ աշխարհում բացի ԱՄՆ-ից, այլ երկրներ էլ կան։
Այս դառը հումորը մտքիս եկավ երեկ ու նախորդ օրը կայացած ֆուտբոլային ընկերական հանդիպումնեը դիտելուց հետո։
Բնականաբար մեր համար կարևորը Հայաստան-Լատվիա հանդիպումն էր, որն ինչպես գիտեք ավարտվել է 0։0 հաշվով։ Խաղի ու նրա ընթացքի մասին, ցավոք ոչինչ ասել հնարավոր չէ. հանդիպումը չցուցադրվեց հեռուստատեսությամբ, դեռ ավելին. հանդիպումը նույնիսկ չի էլ տեսագրվել ու հետագայում էլ չենք կարող տեսնել ու ստիպված ենք բավարարվել միայն հանդիպմանը ներկա ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների, ֆուտբոլիստների, մարզիչների պատմածով։ Ասում են լավ ենք խաղացել։ Իրենք են ասում։ Մենք կարծիք չունենք։
Իսկ ահա եվրոպական խաղադաշտերում իսկական ֆուտբոլային տոնահանդես էր, որի զարդն կամ զարդերն, անկասկած, Բրազիլիա-Իտալիա, Ֆրանսիա-Արգենտինա ու Իսպանիա-Անգլիա հանդիպումներն էին։ Ինձ հաջողվեց հեռուստացույցով տեսնել այս երեք հանդիպումները, ու պիտի նշեմ, որ իմ կարծիքով առաջիկա աշխարհի առաջնության ֆավորիտներ համարվող այս վեց հավաքականներից այս պահի դրությամբ ուժեղագույնը Իսպանիայի, իսկ ամենաթույլը` Ֆրանսիայի հավաքականներն են։ Ընդ որում Իսպանիայի առավելությունը ուղղակի ակընհայտ է. այս թիմը կարծես չունի թույլ կողմեր, ու ցանկացած պահին կարող է էլ ավելի ուժեղանալ։ Լուրջ էր նաև Բրազիլիայի թիմը։ Չնայած պարտությանը Իտալիայի հավաքականը, հատկապես երկրորդ խաղակեսում լավ տպավորություն թողեց։ Թիմն այս անգամ ուղղակի պատրաստ չէր Բրազիլիայի պես թիմի հետ խաղին, չնայած եթե խաղասկզբում մրցավարը չսխալվեր ու հաշվեր Գրոսսոյի խփած մաքում գոլը, խաղն կարող էր այլ ընթացք ունենալ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ իտալացիներն դեռ շատ կուժեղացնեն իրենց խաղը։ Շատ դժվար է հավատալ Անգլիայի թիմին` Կապելլոն կախարդ չէ ու հնարավոր չէ անմիջապես հաջողության հասնել հավաքականի ղեկին, իսկ ահա Արգենտինայի ընտրանու մարզիչ Մարադոնան հաստատ կախարդ է` բայց միայն որպես ֆուտբոլիստ։ Անկեղծորեն ասած շատ դժվարությամբ եմ հավատում Մարադոնա-մարզչին, եթե չասեմ, որ համոզված եմ. Արգենտինան Աշխարհի գավաթի եզրափակչին կներկայանա նոր մարզչով։
Իսկ ահա Ֆրանսիան ու հատկապես այս երկրի ֆուտբոլային ղեկավարների պահվածքն ուղղակի անհասկանալի են։ Անկասկած, տաղանդավոր ֆուտբոլիստներով հարուստ այս երկրի ազգային հավաքականը բառացիորեն «տառապում է» դաշտում, իսկ միակ մեղավորի անունը գիտե ամբողջ աշխարհը` մարզիչ Ռայմոնդ Դոմենեկ։ Բոլորը գիտեն, բայց ոչ ֆրանսիայի ֆուտբոլի ղեկավարները։
Ամեն դեպքում բոլոր հանդիպումներն էլ դիտարժան էին, տպավորիչ` ռուսներն մի լավ խոսք ունեն, որի հայերեն ճիշտ թարգմանությունը չեմ կարողանում գտնել. «զրելիչնի» ֆուտբոլ տեսանք։
Այսպիսին էին այս հանդիպումները, որոնք անցան լեփ լեցուն մարզադաշտերում։ Եվրոպացի ֆուտբոլասերներին կարծես չէր էլ հուզել համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ու ծախսելով մեծ գումարներ մարդիկ անձամբ, իրենց աչքերով տեսան բրազիլացի Ռոնալդինյոյի ու Ռոբինյոյի կախարդիչ խաղը, մեծն Մարադոնայի, ու նրա` արդեն համաշխարհային անուն վաստակած փեսայի` Սերխիո Ագուերոյի, ֆուտբոլային նոր արքայի` Լիոնել Մեսսիի համատեղ ներկայացումը, իսպանացիներ Խավիի ու Ինյեստայի, Սեննայի անկրկնելի ֆուտբոլային իմաստությունը։
Թքած ճգնաժամի վրա։ Վայելենք ֆուտբոլ։
Բա ամերիկացիները՞ ինչ եղան, ինչ՞ կապ ունեն, կհարցնեք։ Մինչ Հին աշխարհամասում ընկերական հանդիպումներ էին ընթանում, ԱՄՆ-ի ազգային հավաքականը իր դաշտում, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում վստահ հաղթանակ տարավ Մեքսիկայի ընտրանու նկատմամբ։ Ընդ որում վաղուց է, որ եվրոպացիներս չենք տեսել այս երկրի հավաքականի խաղը։ Իսկ որ ԱՄՆ-ն ուժեղ է հաստատում է հենց Մեքսիկայի նկատմամբ տոնած հաղթանակը։ Իսկ ամերիկացի ֆուտբոլասերների համար սա ամենամեծ նվաճումն է. հաղթել համարյա ամերիկացիներ համարվող մեքսիկներին. ինչ է Ամերիկայից բացի այլ երկրներ է՞լ կան…
Արմեն Նիկողոսյան
Социальные закладки