Երբ ես էի, ամեն ինչ հրաշալի էր, երբ ես գնացի, ամեն ինչ փչացավ
10:09 • 17.12.11
Թերթը իր խմբագրականում գրում է.
Ինչո՞ւ են իշխանամետ մարդիկ ընդդիմադիր դառնում։ Իհարկե, տարբեր պատճառներով։ Արևմուտքում ամեն ինչ պարզ է. իշխանությունը պարտվում է ընտրություններում և հանգիստ աշխատում է ընդդիմադիր դաշտում՝ փորձելով հաջորդ ընտրություններում «ռևանշ» վերցնել (այդ բառի մեջ ոչ մի վատ երանգ չկա)։ Բայց Ռուսաստանում և Հայաստանում իշխանությունն ընտրություններում երբեք «չի պարտվել», մշտապես վերարտադրվել է, ուստիև վերոհիշյալ մեխանիզմը չի գործում։ Կարող են, հետևաբար, ընդդիմադիր դառնալու ուրիշ պատճառներ լինել։ Երբեմն դրանք միանգամայն անկեղծ են. գալիս է մի պահ, և մարդու հայացքի առաջ ամեն ինչ կարծես պայծառակերպվում է, և նա այլևս չի կարող տեսնել իշխանության արատները՝ այն իշխանության, որի մասն էր այդ գործիչը երեկ։ Լինում են, իհարկե, ավելի հետաքրքիր դեպքեր։ Օրինակ՝ իշխանության ներկայացուցիչը պահանջ է դնում՝ «իմ քուչում միլպետին (կամ դատախազին) ես պիտի նշանակեմ»։ Գիտեք, չէ՞, թե ինչո՞ւ է նա նման պահանջ դնում, որովհետև այդ միլպետը կամ դատախազը չափազանց «լավ աչքով է նայելու» իր բարերարին և նրա բիզնեսներին։ Եվ ահա, եթե այդ մարդը մերժում է ստանում, ապա դառնում է բոցավառ ընդդիմադիր և ավազակապետության դեմ պայքարող անխոնջ մարտիկ։
Բայց բոլոր այդ «անցումային» դեպքերը միավորում է մի բան. մարդիկ, իշխանության մեջ լինելով, չեն տեսնում այն թերությունները, որոնք նրանց համար ակնհայտ են դառնում իշխանությունից զրկվելուց հետո։ Իհարկե, կա հետևյալ տրամաբանությունը. «Երբ ես էի, ամեն ինչ հրաշալի էր, երբ ես գնացի, ամեն ինչ փչացավ»։ Այդ առիթով կա նույնիսկ խորհրդահայկական մի անեկդոտ. Քոչինյանին հանում են Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, և հաջորդ օրը նա գնում է խանութ՝ երշիկ գնելու, ու տեսնում է կիլոմետրանոց հերթը։ «Դե, հիմա Անտոն Երվանդիչի ջանի ղադրը կիմանաք»,– եզրակացնում է նախկին ղեկավարը։ Այսինքն՝ մարդը հոգեբանորեն պատրաստ չէ ընդունել, որ իր ժամանակ վիճակը նույնքան վատ էր, որքան հիմա։
Ես դա հիշեցի ռուսաստանյան վերջին ընտրությունների առիթով։ Ենթադրենք, Ալեքսեյ Կուդրինը երկու ամիս առաջ կոնֆլիկտ չէր ունեցել Մեդվեդևի հետ։ Մի՞թե նա այդ դեպքում կնկատեր, որ այդ ընտրությունները անարդար են անցել։ Իհարկե՝ ոչ։ Իսկ արդյոք նույնը չի՞ կարելի ասել Միխայիլ Կասյանովի կամ Բորիս Նեմցովի մասին, եթե նրանք վարչապետ և փոխվարչապետ լինեին՝ արդյոք նրանց այդչափ կհուզեի՞ն ընտրախախտումները, որքան հիմա են հուզում։ Դարձյալ՝ ոչ, որովհետև իրենց իշխանության ժամանակ էլ էին ճիշտ նույն որակի ընտրություններ անցել։
Նույնը, իհարկե, մերոնք։ Վստահ եմ, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Տիգրան Թորոսյանը շատ գրագետ կերպով կհիմնավորի, թե ինչպես է կեղծվել ողջ ընտրական պրոցեսը։ Բայց ավելի համոզիչ լինելու համար նա պետք է զուգահեռ անցկացնի 2007 թվականի ԱԺ ընտրությունների հետ։ Նախկին պաշտոնյաների մոտ հենց այդ զուգահեռներն են պակասում։
Социальные закладки