ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ
Մենք բաժանված ենք: Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա. —
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:
Մենք մնաս բարով չասինք իրարու,—
Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվըրդով:
Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.
![]()
Այսօր գթանք իրարու,—
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք:
Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,—
Բանանք սրտներըս մեռնող,—
Որբ լինենք ու չամաչենք:
Սիրենք իրար ու ներենք,—
Չընախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու:
Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չըտանջենք,
Լինենք անչար ու հլու,—
Հեկեկանք ու չամաչենք...
Социальные закладки